Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Այլընտրանքը ես եմ»

«Այլընտրանքը ես եմ»
27.03.2009 | 00:00

Գաղտնիք չէ, որ համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քաղաքական ուժերից ու անհատ գործիչներից շատերը մասնակցում են, այսպես կոչված, օլիմպիական սկզբունքով, «էականը հաղթելը չէ, այլ մասնակցությունը» տրամաբանությամբ։ Շատերի համար դա ընդամենը քաղաքական օլիմպոսում մի կարճ ակնթարթ կայծկլտալու, սեփական կշիռը բարձրացնելու պատեհ առիթ է, ուստի չեն էլ փորձում նախընտրական լուրջ ծրագրերով ներկայանալ վաղվա ընտրողին, էլ չենք խոսում սկզբունքային ու գաղափարական պայքարի մեջ մտնելու մասին։
Հետաքրքիր է, ժողովրդական կուսակցության նախագահ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱ՞ՆՆ էլ է օլիմպիական հայտնի կարգախոսով մտել ընտրապայքարի մեջ, թե՞, իրոք մտադիր է պայքարել «ոսկե մեդալի» համար։
«Ինձ համար յուրաքանչյուր ընտրություն մեծ իրադարձություն է, որովհետև ժողովուրդն իր կարծիքն է հայտնում, և որքան էլ ձայն ստանամ, ինձ համար ընդունելի է։ Հիմա եկեք տրամաբանենք` ի՞նչ ակնկալիքներով է Տիգրան Կարապետյանը գնում այս գործընթացին, որը զուտ քաղաքական է»։
Իսկ տրամաբանության հիմքում դարձյալ «երրորդ ուժի» գաղափարն էր։ «Կա կենտրոն, կա կառուցողական մոտեցում, և չի կարելի անընդմեջ բախվելով, միմյանց հակադրվելով ու վարկաբեկելով կիսել հայ ռեսուրսը։ Եվ ի՞նչ է նշանակում, երբ ասում են` ավազակապետություն։ Պետք է ասել` ավազակաիշխանություն, որովհետև չի կարելի վարկաբեկել պետականությունը, մանավանդ որ ասողները ևս այս համակարգի ստեղծողներն են։ Ի սեր Աստծո, թող իրենք պայքարեն, գնան ընտրության, բայց չասեն, որ դա հանուն ժողովրդի է»։
Չարժե, չէ՞, ասել, որ ԺԿ նախագահի «քարը» Հայ ազգային կոնգրեսի «բոստանին» էր ուղղված, որը, նրա համոզմամբ, խնդիրներ ունի «թոշակի անցած» և գործող իշխանությունների հետ։ Իսկ ինքը որևէ մեկի հետ խնդիրներ չունի։ «Ես ընտրության եմ գնում պարզ ճակատով, և եթե ժողովուրդն ինձ վստահի, ես կլինեմ շատ լավ քաղաքապետ»։
Ինչո՞ւ` հարցրեց շատ լավ քաղաքապետ դառնալ ցանկացող, գյուղացիների շատ լավ բարեկամ, թոշակառուների ու «ադամանդե» հակումներ ունեցող երեխաների աչքի լույս «Կարապետյան ջան»-ը։
Լրագրողներս էլ հարցրինք` ինչո՞ւ։
«Որովհետև ես այս ընտրություններում այլընտրանք եմ։ Այլընտրանք եմ հակադրության, այլընտրանք եմ նրանց, ովքեր ասում են` «ով մեզ հետ չէ, մեր դեմ է», այլընտրանք եմ երեկվա, այսօրվա ու վաղվա օրենքներին, որոնք եղել են, կան ու կլինեն վատը, եթե ինձ նման մարդիկ չգան իշխանության կամ մաս չկազմեն իշխանության»։
Հիմա պարզ է, չէ՞, թե ինչ ակնկալիքով է Տ. Կարապետյանը մտել «կենաց ու մահու» այս ընտրապայքարի մեջ։ Այն միակ ակնկալիքով, որ իշխանություններից «յախա թափ տվող», սակայն տերպետրոսյանական ընդդիմության հետ էլ աչքով աչք չունեցող ընտրազանգվածը մի քիչ աջ կթեքվի, մի քիչ ձախ կթեքվի, կճոճվի-կուղղվի, կգցի-կբռնի ու կանգ կառնի «կենտրոնում»։ Այսինքն, իր թեկնածության վրա։ Կառուցողական, ժողովրդասեր, պարզճակատ... Ի՞նչ պակաս քաղաքապետ է։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2907

Մեկնաբանություններ